Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Գեորգի Գահարիայի թեկնածությունը
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ներքին գործերի նախարար, փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Գահարիայի թեկնածությունը։ «Գրուզիա-օնլայնի» հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի և մեծամասնության հետ հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ Մամուկա Բախտաձե նախօրեին հայտարարել էր վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Նշենք, որ արդեն երրորդ ամիսն է Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են Գեորգի Գահարիայի հրաժարականը։ Նրան համարում են բողոքի ակցիաները շատ կոշտ ցրելու պատասախանատուն, ինչի արդյունքում ավելի քան 200 մարդ էր տուժել։