«Մենք ենք Վայքի ոսկին». Մերժեցին Ազատեկի հանքավայրի ծրագիրը
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակիչները բոյկոտել են «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի հանրային լսումները և մերժել Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա եղանակով շահագործման հայտը: Այս մասին գրում է «Էկոլուր»-ը։
«Վայքի սարերը մերն են», «Թույլ չենք տա վտանգել մեր առողջությունը», «Մենք ենք Վայքի ոսկին» պաստառներով բնակիչներն ակցիա են անցկացրել համայնքապետարանի շենքի դիմաց, այնուհետև ստորագրահավաք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու նպատակով:
«Այսօր Վայքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն․ համախմբված համայնքը վճռական «ՈՉ» ասաց «ՎԱՅՔ ԳՈԼԴ» հանքահան կամ հանքահեն կազմակերպությանը, որը, չնայած իր վրա հարուցված անավարտ քրեական գործերին, ակնկալում էր շարունակել հանքարդյունահանման իր վատագույն պրակտիկան։ Քաղաքապետարանի մոտ հավաքված վայքեցիները թույլ չտվեցին հանքի ներկայացուցիչներին մուտք գործել քաղաքապետարան՝ հիմնավորելով, որ իրենք քննարկելու կամ սակարկելու բան չունեն, և Վայքը հանք չի դառնալու․․.Տեղում սկսվեց ՀՀ վարչապետին և Վայքի համայնքապետին ուղղված հանրագրի ստորագրման գործընթաց, որին միացան հարյուրավոր վայքեցիներ․․․
Վայքեցիներն ասացին, որ իրենք միասնական են՝ վճռական պայքարը շարունակելու․․.»,-գրում է աղբյուրը։
Վայքի համայնքապետարանի կայքում տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր նշանակված էին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված առաջին փուլի լսումները:
2018 թ-ի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման հիմքով։
Այդ ժամանակ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դադարեցրել էր հանքավայրի շահագործումը և դիմել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ին ընդերքօգտագործման իրավունքից զրկելու պահանջով: