Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում գումարվելու է Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը
Կնտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում սեպտեմբերի 11-13-ը գումարվելու է կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» (Advancing the Frontiers of Monetary Policy) թեմայով։
ԿԲ-ից տեղեկացնում են. որ համաժողովի նպատակն է մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնողներին և ակադեմիական շրջանակներին հնարավորություն ընձեռել քննարկել քաղաքականության մշակման մեջ օգտագործվող մոդելների արդի խնդիրները և զարգացման նոր ուղղությունները։ Համաժողովի հիմնական խոսնակներն են Մորիս Օբստֆելդտը՝ Բերքլիի համալսարանի դասախոս, Դուգլաս Լաքստոնը՝ միջազգային փորձագետ, Թոմաս Հոլուբը՝ Չեխիայի ազգային բանկի խորհրդի անդամ և Ասսաֆ Ռազինը՝ Թել-Ավիվի համալսարանի դասախոս։
Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովին մասնակցելու են Արժույթի
միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Ավստրիայի, Կանադայի,
Իտալիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի,
Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Չիլիի,
Ուկրաինայի, Վրաստանի, Ֆիլիպինների ազգային և կենտրոնական բանկերի
ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք միջազգային հեղինակավոր համալսարանների
գիտնականներ և դասախոսներ:
Համաժողովի հիմնական թեմաներն են գնաճի նպատակադրման ռազմավարությունը,
«ոչ-ստանդարտ» դրամավարկային քաղաքականությունը, դրամավարկային
քաղաքականության իրականացման ընթացքում ֆինանսական ցուցանիշների դերը, ինչպես
նաև մակրոքաղաքականության մոդելավորմանն առնչվող այլ արդիական հարցեր:
ԿԲ մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ սա երկրորդ նման համաժողովն է Հայաստանում: 2016 թ-ի սեպտեմբերին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է «Մակրոտնտեսագիտության արդի խնդիրները» թեմայով մակրոտնտեսական մոդելավորման համաժողովը: