Ամերիկյան լրտես Կրեմլում
The New York Times-ը և CNN-ը հաղորդում են, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը ունեցել է իր աղբյուրը Կրեմլում, ով կարևոր դեր է խաղացել 2016 թվականի ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության մասին տեղեկության տրամադրման հարցում: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։
Ամերիկյան ԶԼՄ-ները չեն տրամադրել աղբյուրի անունը, սակայն ռուսականները հրապարակեցին այն՝ նշելով Օլեգ Սմոլենկով անունը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Օլեգ Սմոլենկով անունով անձը աշխատել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, սակայն չի եղել, ըստ խոսնակի, բարձրաստիճան պաշտոնյա և ուղղակի չի աշխատել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նա հերքել է մամուլի հրապարակումներն այս առիթով՝ դրանք որակելով «ֆիքցիա»:
CNN կարծիք է հայտնել, որ գործակալը դուրս է բերվել մասամբ այն պատճառով, որ ԿՀԳ-ն մտահոգություն ուներ, որ Թրամփի վարչակազմը կարող է թերանալ նրա գաղտնիության պահպանման հարցում: ԿՀԳ-ն, սակայն, հերքել է CNN-ի վարկածը:
The New York Times-ն իր հերթին տեղեկացնում է, որ գործակալի կյանքը վտանգի տակ է՝ հիշեցնելով Սերգեյ Սկրիպալի հետ կապված գործը, ով անցած տարի ծանր թունավորում էր ստացել Մեծ Բրիտանիայում, հանցագործություն, որի մեջ մեղադրվել է Մոսկվան:
Մամուլը կարծիք է հայտնել, որ նման թանկարժեք տեղեկատվական աղբյուրի կորուստը ծանր հետևանքներ կունենա ամերիկյան հետախուզության համար, քանի որ կզրկի Վաշինգտոնին Ռուսաստանի մտադրությունների մասին տեղեկությունից, հատկապես ընտրությունների ներգրավվածության հարցում: