Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի
Մայրաքաղաքում տրվել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը: 2.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի կառուցում, ինչպես նաև մեկ ուղեանցի կառուցում՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:
Արգավանդ-Շիրակ ճանապարհը Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է, որը նաև կապում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Պայմանագրի արժեքն է 26.003.196.22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Շինարարությունը կտևի 21 ամիս: