ՃՏՊ պատահարի հանգամանքների պարզման նորագույն տեխնոլոգիաներ՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյում
Փորձաքննությունների ազգային բյուրոյում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի («Ռոստելեկոմ» Հայաստանի) աջակցության շնորհիվ ներդրվել է «PC Crash» համակարգչային ծրագիրը, ինչպես նաև ձեռք է բերվել ավտոմեքենաների արգելակման տվյալները հետազոտող «VZM 300 դեսելեռոմետր» ժամանակակից սարքը։
Բյուրոյից մանրամասնում են, որ դրանց շնորհիվ քրեական վարույթ իրականացնող մարմինների որոշումներով նշանակվող փորձաքննությունների շրջանակներում առաջին անգամ Հայաստանում սկսվել են կիրառվել միջազգային չափանիշներին համապատասխանող և Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցում (ENFSI) լայն կիրառություն ունեցող ժամանակակից հետազոտական հնարավորություններ:
«PC Crash» համակարգչային ծրագիրը, որը լայնորեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, հնարավորություն կտա Հայաստանում արդի լուծումների միջոցով իրականացնել դատական փորձաքննություններ՝ ստանալով ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխանող հետազոտական մեթոդների կիրառմամբ գիտականորեն հիմնավորված արդյունք:
Ծրագրի ներդրման նպատակն է տեխնոլոգիական և ծրագրային նորագույն լուծումներով բարձրացնել փորձաքննությունների արդյունքների ճշգրտության և օբյեկտիվության մակարդակը։
Համակարգչային ծրագիրը մաթեմատիկական մոդելավորման և 3D (ծավալային) պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող և պատահարի ընթացքում իրադրության զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, ինչն էականորեն բարձրացնում է իրականացվող փորձաքննությունների որակը և ստացվող արդյունքների հավաստիությունը: «PC Crash» համակարգչային ծրագրի շահագործման նպատակով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տվյալ բնագավառի հետազոտություններ իրականացնող բոլոր փորձագետներն անցել են համապատասխան վերապատրաստում Վիլնյուսի ավտոտեխնիկ-փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վալենտին Միտունյավիչուսի ղեկավարությամբ: