ՄԻԵԴ Մեծ պալատը քննել է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը նախօրեին քննել է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործը, որը վերաբերում է Ղրիմում Ռուսաստանի կողմից իրականացրած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներին։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ մամուլի ծառայությունից:
Դատական նիստը սկսվել է գործի վերաբերյալ հիմնական փաստերը կարճ ընթերցելով, որից հետո Ռուսաստանի Դաշնության արդարադատության փոխնախարար Միխայիլ Գալպերինը ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը:
Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Լիշինան նշել է, որ Ռուսաստանի Դաշնության գործողություններից տուժածները իրավունք ունեն հանդես գալ ընդդեմ «ռուսական օկուպացիայի»: Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը «թիրախավորել է ընդդիմությանը և Ղրիմում ստեղծել է արժանապատվության նվաստացման և բռնության մշակույթ»:
Նշվում է, որ ուկրաինական կողմը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ 2014-ի մարտի 13-ին ՝ վկայակոչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտում: Ուկրաինան պնդում է, որ «2014 թվականի փետրվարի 27-ից Ռուսաստանը վերահսկում է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, որը Ուկրաինայի մասն է»:
Այս գործով ՄԻԵԴ որոշումը կլինի ավելի ուշ։