ՀՀ ԱԳՆ-ն այսօր ԵՄ երկրներին կներկայացնի ՀՀ քաղաքացիների բողոքները՝ ԵՄ մուտքի արտոնագիր ստանալու հետ կապված
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կիրարկման մասին հարցերը, ինչպես նաև դրա արդյունավետության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերն ու անդրադարձ է կատարվելու խնդիրներին։
«Հայկական կողմը ԵՄ երկրների ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ ՀՀ քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ՝ կապված ԵՄ անդամ երկրների հյուպատոսությունների՝ մուտքի արտոնագրի ստացման համար գրանցման խելամիտ ժամկետների բարդությունների հետ, ինչպես նաև անհիմն մերժումների քանակի հետ, որոնք կապված են հատկապես այն անձանց, որոնք բավական հաճախ են շրջագայում ԵՄ-ում՝ լրագրողները, ուսանողները, արվեստագետները և այլն»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Խոսելով սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետությանության միջև 2013թ. ապրիլի 19-ին կնքված ՀՀ և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրիրը կիրարկող արձանագրության ստորագրմանը՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ արձանագրությունն իրենից ներկայացնում է տեխնիկական փաստաթուղթ, որով կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստեղծել արդյունավետ իրավական ընթացակարգեր այն մարդկանց հայտնաբերման ու փոխանցման համար, որոնք չեն համապատասխանում ՀՀ և ԵՄ անդամ պետության սահմանը հատելու, այնտեղ բնակվելու չափանիշներին։