Խաչեր միջքաղաքային տրանսպորտի վարորդներին
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ վաղը առաջնորդարանիստ Ս. Սարգիս եկեղեցուց (Ռ. Իսրայելյան 21) կմեկնարկի «Խաչի քարոզ» ծրագիրը: Այն այս անգամ նվիրված է Խաչվերացի տոնին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ թեմի երիտասարդական կառույցների անդամներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում (Ռ. Իսրայելյան 21) կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա խաչեր ու աղոթաթերթեր կնվիրեն միջքաղաքային տրանսպորտի վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:
Ծրագիրն այս անգամ կիրականացվի Երևանի՝ Կիլիկա, Սասունցի Դավթի ու Հյուսիսային ավտոկայաններում: Նախկինում թեմի երիտասարդները ծրագիրն իրականացնում էին մեկ վայրում և միայն Երևանի տրանսպորտային միջոցների համար, այս անգամ ընտրել են երեք վայր՝ միջքաղաքային երթուղիների համար:
«Խաչի քարոզ» ծրագիրն արդեն վեց տարվա պատմություն ունի՝ նվիրված լինելով խաչի չորս տոներին: Այսօր արդեն բազմաթիվ երթուղայիններում կարելի է տեսնել օրհնած խաչերն ու աղոթաթերթերը: