Մարկ Արենը պատմել է «Քառյակի», «Վիլ Էվրար»-ի և անատոլիական պատմության մասին
Արդի հայ արձակագիր Մարկ Արենը (Կարեն Մարգարյան) նախօրեի երեկոյան «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում հանդիպում է նախաձեռնել ընթերցողների հետ։
Ընթերցողներին նա ավելի շատ հայտնի է հայերեն թարգմանված իր՝ «Վիլ Էվրար», «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» և «Քառյակը» գրքերով:
«Վիլ Էվրար»-ն անդրադառնում է Կոմիտաս վարդապետի ողբերգական ճակատագրին: Կոմիտասը տեղափոխվել էր Ֆրանսիա, ապրում էր «Վիլ-Էվրար» հոգեբուժարանում: Հետո նա տեղափոխվեց «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ վախճանվեց: «Վիլ-Էվրար»-ի մասին տեղեկություն գրեթե չկա:
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է: Այստեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։
Մարկ Արենի «Քառյակը» վեպի հերոսներ երևանցիներ Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը և մոսկվացի Անդրեյը մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրության, այնուհետև՝ համեմատաբար խաղաղ պայմաններում, պայքարում ավազակախմբի դեմ Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջաններում ՝ հանուն ադրբեջանցու երեխայի և իրենց ընկեր Անդրեյի փրկության: