Սվիտալսկիին փոխարինած նոր դեսպանը Երևանում է
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։
ԱԳ նախարարությունից մանրամասնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորել է ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվել է մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում նաև Արևելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձել է հոկտեմբերի 9-ին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երևանյան համաժողովի նախապտրաստական աշխատանքներին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց