ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսի բուժհաստատությունում անվճար խորհրդատվություն են տրամադրել 200 քաղաքացու
Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար խորհրդատվություն տրամադրել շուրջ 200 քաղաքացու: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։
Հայաստանի մարզային բուժհաստատությունները նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներով ապահովելու խնդիրը պահպանվում է. որոշ մասնագետների դեպքում նրանց թիվը պահանջվածից 3 անգամ քիչ է: Հենց այդ պատճառով էլ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը որոշել է բաց դռների օր անցկացնել, ընդ որում՝ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև այլ, անգամ սահմանամերձ համայնքերի ամբուլատորիաներում:
Վարդենիսի հիվանդանոցում իրականացված խորհրդատվության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, հիվանդներն ուղեգիր են ստացել համալսարանական բժշկական կազմակերպություններ։
ԵՊԲՀ-ից հայտնում են, որ Վարդենիսում նման միջոցառում իրականացնելու առաջարկ ստացել են ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից։