Ինձ Հայաստանի հետ կապում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը. Յոախիմ Գաուկ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին հանդիպել է իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկի հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել պրն. Գաուկին 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման գործում ունեցած նրա կարևոր ներդրման համար:
Նորին Սրբությունը նաև ներկայացրել է հյուրին անկախության հռչակումից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:
Պրն. Յոախիմ Գաուկը նկատել է, որ իրեն Հայաստանի հետ կապում է վաղ պատանեկության տարիներին ընթերցված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը: Նախագահը նշել է նաև, որ այցը լավ հեռանկարներ է բացում հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման համար:
Նախագահ Յոախիմ Գաուկը վերահաստատել է պատրաստակամությունը խթանելու հայ-գերմանական կապերը և նպաստելու հետագա գործակցության զարգացմանը:
Հանդիպման ավարտին պարոն Յոախիմ Գաուկը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Խաչվերացի տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը: