ԱԺ-ն սպառեց օրակարգը՝ դեմ լինելով միայն մեկ օրինագծի
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Խորհրդարանը կողմ քվեարկեց նաև պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նույն խմբակցության կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց։ Այդպիսով՝ օրինագիծը չընդունվեց։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի կողմից ներկայացված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Օրինագծին դեմ քվեարկեց միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը Վարչական դատարանի գործերը բեռնաթափող օրենքի նախագիծ է ներկայացրել
- Ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշների փոփոխություն է առաջարկում «Լուսավոր Հայաստանը»
- Առաջարկվում է գրպանահատության համար մինչև 2 տարի ազատազրկման ենթարկել