Թուր ու թվանքն առել են, ընկել են քաղաքապետի հետևից. Փաշինյան
Վարչապետն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Երևանի աղբահանության խնդրին։ Նա նախ հիշեցրեց, որ այս տարի ստեղծվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 150 աղբատար, մի քանի տասնյակ ձնամաքրող, ջրցան և փոշեկուլ մեքենաներով։
Վարչապետի խոսքով՝ վերջին 30 տարվա մեջ Երևանը նման ծավալի ու տիպի տեխնիկա ձեռք չի բերել։ Հիմնարկում, ըստ նրա, այս պահին կա միջին և բարձր աշխատավարձով 600 հաստիք։ Վարչապետը նշեց նաև, որ հիմնարկի համար կառուցվում է ժամանակակից կայան, որտեղ աշխատակիցների համար նախատեսված կլինեն հանգստի սենյակներ, լոգարան և այլն։
Անդրադառնալով աղբահանությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշ ուժերի պահվածքն այս հարցում ուղղակի ամոթալի է։
«Որոշ ուժերի պահվածքը Երևանում աղբի ճգնաժամի ողջ ընթացքում համարում եմ ուղղակի ամոթալի։ Փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամեն ինչը ստեղծվել, թուր ու թվանքն առել են, ընկել են վեց ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից, որը երկու ամսում էս հարցը լուծեց»,- ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով՝ աղբահանության հարցը լուծման ընթացքում է. «Ես չեմ կասկածում, որ Երևան քաղաքում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ: Հայաստանի պատմության մեջ Երևան քաղաքն ավելի բարձր մակարդակի աղբահանություն չի ունենալու և հիմա վստահաբար կարող եմ դա պնդել»։
Նա նաև ասաց՝ այդ ուժերը մտածում էին, որ դա իրենց համար քաղաքական վերակենդանացման լուրջ թեմա է:
«Էլ չէին ասում, որ էդ աղբի թեման ի վերջո գնալու է կոռուպցիոն քրեական գործերով… կա որոշակի հավանականություն, որ կհասնի»,- նշեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Ու՞մ են գնում աղբահանության համար վճարված գումարները
- Բաբկեն Պիպոյան. Աղբահանության վիճակն ավելի վատ է լինելու, Մհեր Գրիգորյանի երդումը վկա
- Աղբահանության խնդրի լուծման հնդկական օրինակ
- Աղբահանությունից դժգոհ քաղաքացիներին խնդրում են ըմբռնումով մոտենալ
- «Սանիթեք». Քաղաքապետարանին զգուշացրել էինք, որ Երևանը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդիր առաջ