Սխալներով տողադարձերը՝ ընդամենը դիզայներական լուծում
«Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված պաստառների դիզայնի հեղինակն է դիզայներ Վիլյամ Կարապետյանը։ Ինչ կապված է արվեստի, դիզայնի հետ, միշտ սուբյեկտիվ է, ունի դրական, բացասական արձագանքներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե դժգոհություններ են հնչում պաստառներում ներկայացված անընթեռնելի տառատեսակի, սխալ արված տողադարձերի հետ։
Նա նշեց, որ իրենց աշխատանքային խումբն է ընտրել հենց այդ դիզայնը. «Բնականաբար, ուղղագրության խնդիր չի եղել։ Տրամաբանությունը սիմետրիան է, որպեսզի, օրինակ, լինի քառակուսի։ Եթե նույն տառատեսակն օգտագործեինք և տողադարձն արվեր այնպես, ինչպես ընդունված է, սիմետրիա չէր ստացվի։ Ընդամենը դիզայներական լուծում է և ոչ ավելի»։
Է. Աղաջանյանի խոսքով, դիզայներական շրջանակներից բազմաթիվ դրական արձագանքներ են ստացել ընդհանուր բրենդինգի հետ կապված, այդ թվում նաև դիզայնի, տառատեսակների։
«Որևէ մեծ խնդիր չեմ տեսնում։ Գրագետ տողադարձերով ձևակերպված գրառումները ևս ընդունելի չէր լինի բոլոր շրջանակների համար, չէին հավանի։ Ըստ այդմ, համարում եմ, որ որևէ խնդիր չկա»,- ասաց Է. Աղաջանյանը։