Դիզայներական «անկապություն»
Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Գյումրեցիներն ուրախացել են, որ «հայրաքաղաքում» է անցկացվելու երկրի գլխավոր տոնը, սակայն նրանց ուշադրությունից չի վրիպել ու նույնիսկ զայրացրել է քաղաքի կենտրոնական փողոցներում փակցված անկախության 28-ամյակը խորհրդանշող պաստառները։ Պաստառի վրա գրված է «Հայաստանի Հանրապետություն 28», «28 Անկախություն»: Սակայն առաջին հայացքից շատ դժվար է հասկանալ, թե ինչ է գրված, անընթեռնելի է։ Դրան գումարած՝ սխալներով տողադարձերը։
Տառաստեղծ Ռուբեն Թարումյանը Panorama.am-ի հետ զրուցում ասաց, որ լավ գործ արված չէ։
«Գաղափար է առաջանում, մարդ փորձում է իրագործել այն։ Եթե չունի ինքննադատ մոտեցում կամ չի ուզում մի նոր բան փորձի, սևեռվում է այդ գաղափարի վրա ու փորձում մինչև վերջ հասցնել։ Որակն այն է, ինչ մեր ցանկացած ոլորտում։ Մեր բարձրագույն կրթությունը հիմա հենց այս պաստառի որակին է։ Տիպիկ մեր ամեն ինչ պատկերն է»,- նշեց նա։
Ռ. Թարումյանի խոսքով, Տ և Յ տառերը «լրիվ անկապություն է, այն աստիճանի է, որ մտածում ես՝ կարող է տպիչը լղոզել է, հետո հասկանում ես, որ այդպես չէ, մտածված է, կարող է նույնիսկ այնպիսի բան է մտածված, որ հեղինակը գիտի, մենք գլխի չենք ընկանում»։
Նա նշեց, որ բոլոր տարբերակներում ձևավորումները նույն մոտեցմամբ են արված, տողադարձերը խայտառակ ձևով են։
«Մինչև վերջ հասցրած ինքնանպատակ դարձրած գաղափար՝ չմտածելով, որ կարող է գաղափարը չի աշխատում»,- ասաց Ռուբեն Թարումյանը։
Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ դա ընդամենը դիզայներական լուծում է, հեղինակն է դիզայներ Վիլյամ Կարապետյանը։ Հենց նման դիզայն ընտրել է իրենց աշխատանքային խումբը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ