Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի նախագահին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։
Նախարար Մնացականյանը շնորհավորել է Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Նախարարությունից նշում են, որ անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը գոհունակությամբ նշել են, որ հայ-լատվիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, դրանք հարաբերություններ են ազատության և անկախության նկատմամբ առանձնահատուկ ուժեղ զգացում ունեցող ժողովուրդների միջև:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ իր այցը մեծ նպաստ կբերի երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսության առավել ակտիվացմանը և խորացմանը:
Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծել են նաև հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրներին և ժողովուրդներին առավել մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը նշել է, որ լինելով Լատվայի հպարտ քաղաքացիներ և իրենց ներդրումը ունենալով երկրի զարգացման գործում՝ մեր հայրենակիցները միաժամանակ հանդիսանում են իրենց ազգային ինքնության կրողները և պահապանները:
Եվրոպական միության և ԵՄ երկրների հետ գործընկերության համատեքստում՝ երկուստեք արժևորվել է Արևելյան գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ, մեծ ներուժ պարունակող հարթակ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Նախագահ Լևիթսը և նախարար Մնացականյանը շեշտել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող։