Խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 30 մլն խմ ջուր
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Որոշման համաձայն, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34 մլն 954 հազար դրամ գումար կհատկացվի Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորի կոնսերվացման և 8 հորի լուծարման նպատակով:
Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 30.0 մլն խմ/տարի ջրաքանակ, ինչպես նաև կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ապօրինի օգտագործվող, ինքնաշատրվանող և այդ հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղությամբ:
Մեկ այլ որոշման ընդունմամբ գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ փոփոխություն կատարելով ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ: Որոշման նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում իրականացվելիք ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որի համար պահանջվող 268,103.6 հազ. դրամ գումարը ՀՀ պետբյուջեի լրացուցիչ եկամուտների հաշվին հատկացվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, վերջինս էլ այդ գումարը նվիրաբերության պայմանագրով տրամադրելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագիծը վարչապետի հանձնարարության շրջանակում է, այն է՝ 2020 թ. համար ներդրումային առումով ավելի կայուն և ծախսային մասն ապահովելու հնարավորություններ ընձեռող միջավայրի ստեղծում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելուց հետո նախատեսվում է մյուս տարի ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման համակարգում կատարել մոտ 8 մլրդ դրամի ներդրում՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Նախարարի խոսքով՝ գործընթացը «Վեոլիա» ընկերության հետ Հայաստանի պարտավորությունների շրջանակում է. խոսքն այն համայնքների մասին են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ և գտնվում են «Վեոլիա»-ի սպասարկման տիրույթում, նաև կա ևս 4 համայնք, որոնք դուրս են այդ շրջանակից, բայց կարող են ընդգրկվել «Վեոլիա»-ի սպասարկման ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ