Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ: Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում այս պահին բացահայտվել է նույն անձանց կողմից կատարված գողության 4 դրվագ: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ 2019 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 4-ը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակարաներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և բնակարանից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի իրեր՝ կենցաղային ապրանքներ, ոսկյա զարդեր և տարատեսակ խմիչքներ՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ., իսկ մյուսն Արագածոտնի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ.:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 56-ամյա տղամարդը խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության է եկել Արագածոտնի մարզում բնակվող իր ծանոթի հետ և 2019 թվականի մարտի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի վերոհիշյալ բնակարանից, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Սևան քաղաքում կատարել բնակարանային գողություններ:
Գործի քննության ընթացքում պարզվել է, որ վերջիններիս կողմից Սևան քաղաքում կատարված բնակարանային գողությունների դեպքի առթիվ հարուցվել ու քննվում է ևս երկու քրեական գործ: Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:
Գրություն է ուղարկվել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն՝ հիշյալ քրեական գործն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին ուղարկելու և համատեղ նախաքննությունը շարունակելու վերաբերյալ:
Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է այն անձը, ում տանից կատարվել էր նշված գողությունը: Վերջինս հայտնել է, որ իր բնակարանից կատարված գողության ժամանակ, ի թիվս հրացանի և մի շարք իրերի, հափշտակվել է նաև իր ընտանիքին պատկանող, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մուտքի և շքամուտքի դռների բանալիները, որոնք հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի՝ 56-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ:
Նախաքննության ներկա փուլում Երևան քաղաքի 56-ամյա բնակչին և Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 4 դրվագ բնակարանային գողություններ կատարելու համար, որոնցից երկուսը՝ Երևան քաղաքում, ևս երկուսը՝ Սևան քաղաքում: Նախնական տվյալներով՝ նշված հանցագործություններով պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 3.504.737.7, 810.000, 553.682 և 5.499.061.75 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 56-ամյա բնակչին և Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ):
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված անձանց կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: