#sutNikol գրությամբ ավտոմեքենայի ուղևորներին ծեծելու ահազանգին արձագանքում է ոստիկանությունը
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել այն տեսանյութի վերաբերյալ, ըստ որի ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների՝ մեքենայի վրա առկա #sutNikol գրության համար։
«Նշվածի վերաբերյալ պարզաբանում ենք, որ 20.09.2019 թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Մարաշի բաժանմունք զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 00.15-ին, Կենտրոն վարչական տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ Խանջյան փողոցում նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որից հնչել է բարձր երաժշտություն։
Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել իրենց պահանջներին։ Հերացու փողոցում միայն հարկադրաբար կանգնեցվել է մեքենան։ Վարորդը հրաժարվել է ներկայացնել մեքենայի փաստաթղթերը, ինչից հետո, ժամը 00.30-ին, ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, ավտոմեքենայի վարորդի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում, և նա բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք։
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Բացի այդ, դեպքի վայր հրավիրված ՃՈ ծառայողները ստուգել են վարորդի սթափությունը։ Պարզվել է, որ ալկոհոլի պարունակությունը 1.109 մգ/լ է եղել, ինչի համար վերջինիս նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Մեքենայի վարորդը հրաժարվել է բացատրություն տալուց, նրա մարմնի վրա ակնհայտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Ծեծելով բերման են ենթարկել #սուտնիկոլ գրածի համար
- #SutNikol գրությունների համար ոստիկանության տարբեր բաժիններ քաղաքացիներ են տարվել
- #sutNikol մրցանակաբաշխության համար հյուրանոցները տարածք չեն տրամադրում
- #sutNikol նախաձեռնություն. Սա դեռ սկիզբն է