Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն. ԱՄՆ կոնգրեսականներ
Հայաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց են կապում ամուր մշակութային ու պատմական հարաբերություններ և հայ ժողովրդի ներդրումն ԱՄՆ-ի զարգացման գործում անգնահատելի է։ Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է սենատոր Ջեք Ռիդը։
«Այսօր ոգեշնչող է տեսնել, որ Հայաստանում իրական ժողովրդավարություն է հաստատվել և մենք ցանկանում ենք դրա հիման վրա կառուցել մեր հարաբերությունները: Հուսանք, որ Հայաստանում ազատության այդ կայծը կտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշել է Ջեք Ռիդը։
Կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով, Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրության արժանանա Արևմուտքի կողմից, քանզի մինչ Արևելյան Եվրոպայի և Խորհրդային Միության նախկին երկրների զգալի հատվածը ժողովրդավարության անկում է գրանցվում, Հայաստանը առաջընթացի ճանապարհին է։
«Առկա է այն կարծիքը, թե Հայաստանը, իբր խորհրդային բլոկի մաս է կազմում, Ռուսաստանի ուղեծիրում է գտնվում և բարեկամական տրամադրված չէ Միացյալ Նահանգների հանդեպ: Մենք գիտենք, որ դա այդպես չէ և պետք է ավելի ակտիվ աշխատենք, որպեսզի կանխենք նման թյուրըմբռնումը»,-ասել է Ֆրանք Փալոնը:
Ջեքի Սփիր-Կանչելյանը, ով նախաձեռնել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ ամերիկյան օգնության հատկացման նախաձեռնությունը, ընդգծում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը կավելանա, որը կարևոր աջակցություն է Հայաստանի իշխանություններին ժողովրդավարության հաստատման գործում։
«Ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանը շարունակում է մնալ շրջապատված հարևաններով, որոնցից ոմանք Միացյալ Նահանգների բարեկամները չեն: Հայաստանը նաև շրջափակման մեջ է երկու հարևան պետությունների կողմից: Այս ամենը Հայաստանի ժողովրդավարությունն էլ ավելի տպավորիչ է դարձնում»,-ասել է Ջեքի Սփիր-Կանչելյանը:
Նշենք, որ Հայաստանին 40 միլիոն հավելյալ ամերիկյան օգնություն հատկացնելու վերաբերյալ Սփիր-Կանչելյանի նախաձեռնությունն ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ: Այն դեռևս պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներից բաղկացած միասնական հանձնաժողովի կողմից: