Կարևորում ենք Հայաստանի հետ գործընկերությունը. Լոս Անջելեսի քաղաքապետ
«Լոս Անջելեսում բնակվող և գործունեություն ծավալող հայկական համայնքը շատ հաջողակ է և ակտիվ ներգրավված է մեր քաղաքի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։ Լոս Անջելեսը և Երևանը քույր քաղաքներ են, մենք արդյունավետ համագործակցում ենք, և կարևորում ենք ընդհանրապես Հայաստանի հետ գործընկերությունը», - այս մասին նշել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ ԱՄՆ իր այցի օրակարգի կեսը նվիրված է Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի հետ համագործակցությանը, ինչը վկայում է այդ գործընկերությանը տրվող կարևորության մասին և նոր հնարավորություններ է բացում համագործակցության զարգացման համար։
«Քաղաքական արմատական փոփոխություններից հետո մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման, տնտեսական առաջընթացի արձանագրման ճանապարհով, և այդ գործընթացում մեր գործընկերների հետ համագործակցությունը կարևոր դեր ունի։ Այսօրվա դրությամբ մենք տնտեսական աճի լավ դինամիկա ունենք, լավ արդյունքներ ենք արձանագրում համակարգային կոռուպցիան և մենաշնորհները վերացնելու, տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու, բիզնես միջավայրը բարելավելու ուղղություններով: Ամերիկայի մեր գործընկերների, այդ թվում՝ Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի հետ շարունակական համագործակցությունը, փորձի փոխանակումը կնպաստեն այդ գործընթացների հաջողմանը։ Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքի համար», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և այլ ուղղություններով փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատման կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները փոխշահավետ համագործակցության կոնկրետ ծրագրեր մշակելու և գործնական արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը փոխանակվել են խորհրդանշական հուշանվերներով։