Ախալքալաքի սրբավայրը
Ախալքալաքում գոյություն ունեն բազմաթիվ հին ծեսեր և ավանդույթներ, որոնք հայտնվել են դեռ հին քաղաքաբնակների օրոք և պահպանվում են մինչ օրս: Այդ սովորույթներից մեկը համարվում է երթը դեպի Սուրբ Խաչատուր քաղաքային սրբավայրը, որը գտնվում է հին քաղաքի տարածքում:
Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի շուկայից ոչ հեռու՝ Մյասնիկյան փողոցում, տների ձգվող շարքն ընդհատում է փոքրիկ մի քարե շինություն: Քաղաքի տարբեր մասերից ամեն երեկո կարելի է նկատել, որ քաղաքի բնակիչները անշտապ քայլում են դեպի այդ վայրը, ովքեր ցանկանում են մոմ վառել և կատարել իրենց ուխտագնացությունը Սուրբ Խաչատուրի սրբավայրում:
Այժմյան քաղաքաբնակների սերունդներն այս սուրբ վայրն արդեն տեսել են կառուցված վիճակում, և գրեթե ոչ ոք չգիտի դրա ծագման պատմությունը: Ավանդաբար, սուրբ վայրի նկատմամբ հետևողական էր հանգուցյալ Ռիմա տատը, որի ընտանիքը տեղափոխվել է Ախալքալաք ավելի քան կես դար առաջ:
Ռիմայի խոսքերից ելնելով, փողոցի բնակիչներն ու նրա հարևանները պատմում են, որ Սուրբն արդեն գոյություն ուներ, երբ այս ընտանիքը տեղափոխվել էր Ախալքալաք: Չհամարձակվելով ոտնձգություն կատարել սրբավայրի վրա, նրանք իրենց տունը կառուցեցին մի փոքր աջ՝ առանց Սուրբ Խաչատուրը տեղաշարժելու: Այն ժամանակ Սուրբը կառուցված էր հին քարերից, ապա՝ 80-ականների վերջին, տեղական իշխանությունները երեսապատեցին այն: Շենքի ճակատային մասում, մոմակալների վերևում, երևում է «Սուրբ Խաչատուր, 1705» մակագրությունը:
«Այս սրբավայրին հավատում են այնպես, ինչպես, օրինակ, տաճարներին: Երբ ես այս տուն հարս եկա, հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ հավաքվում Սրբի մոտ՝ հերթեր էին գոյանում: Կանայք և տղամարդիկ գալիս էին, ծնկի էին իջնում, աղոթում, մոմ վառում և հեռանում: Հիմա նորից սկսել են գալ, հատկապես ամռանը` զբոսաշրջիկների հետ միասին», – պատմում է Սրբի հարևանությամբ ապրող տան բնակչուհին:
«Սուրբ Խաչատուր» սրբավայր գալիս են ընտանիքներով, փոքրիկ երեխաների, ընկերուհիների և ընկերների հետ: Նույնիսկ ախալքալաքցիները, որոնք վաղուց բնակվում են Ռուսաստանում, հիշում և պահպանում են այս ավանդույթը, երբ գալիս են իրենց հայրենի քաղաք:
Բոլոր այն ծանոթները, ովքեր վաղուց են ուխտի գնում Սրբի մոտ, պատմում են. «Այն, ինչ դու գնում և խնդրում ես սրբավայրում, միշտ իրականություն է դառնում»:
Երիտասարդ սերնդի համար այս ավանդույթը հետզհետե մարում է, բայց նրանց շարքերում դեռ կան այնպիսիք, որոնց կարելի է հանդիպել շաբաթ երեկոյան Սրբի ճանապարհին: Առեղծվածային վայրի պատմության մասին այդպես էլ ոչինչ հայտնի չէ, բայց Ախալքալաքի բնակիչներն անկեղծորեն հավատում են դրա ուժին և պատվում այն սովորությանը, որը մեզ է հասել մեր պապերից ու ապուպապերից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում