Ստեփանավանի սոցաջակցության գործակալության պետի մասով քրգործն ուղարկվել է դատախազին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ Գործակալության պետի մասով:
ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում`2019թ. մայիսի 28-ին, Գործակալության պետը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, սակայն դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, կալանք է դրվել նրա անվամբ գրանցված անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև՝ բանկային հաշիվների վրա:
Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ Գործակալության պետի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, նրա վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Աղբյուրը հիշեցնում է, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք էր առաջադրվել 27 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 21-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության: 25 մեղադրյալների մասով նախաքննության ավարտի մասին հայտարարվել էր 2019թ. հունվար ամսին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:
Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող մյուս մեղադրյալին՝ Գործակալության առաջին կարգի մասնագետին, ապա վերջինիս գտնվելու վայրը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են։
Պետությանը պատճառված 550.617.500 ՀՀ դրամ վնասից այսօրվա դրությամբ վերականգնվել է 112․181․600 ՀՀ դրամը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել
- Ստեփանավանի սոցաջակցության գործակալությունում չարաշահումների գործով վերականգնվել է պատճառված վնասից 107մլն. դրամ
- Ստեփանավանի սոցծառայությունում բացահայտված քրգործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է
- Ստեփանավանի սոցծառայությունում չարաշահումների գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 21 անձ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ