Քաղաքական 09:02 26/09/2019 Աշխարհում

Փաշինյանը՝ ՄԱԿ-ում. Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե ԼՂ հակամարտության լուծումն է, այլ վրեժխնդրությունը

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ 

Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ

«Պարոն նախագահ,

Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք,

Իմ ելույթի սկզբում ես կցանկանայի շնորհավորել Ն.Գ. Թիջանի Մուհամմադ-Բանդեին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն նախագահ, ցանկանում եմ հավաստել Հայաստանի լիակատար աջակցությունը Ձեզ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։

Ցանկանում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել 73-րդ նստաշրջանի նախագահ տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսային՝ ակտիվ նախագահության և մեզ ավանդված արժեքավոր ժառանգության համար:

Սա իմ երկրորդ հնարավորությունն է՝ ներկայացնելու իմ երկիրն այս բարձրագույն մարմնում՝ ՀՀ վարչապետի կարգավիճակով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ վերջին հայտարարությունից ի վեր մեր երկրում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: Անցած դեկտեմբերին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վերջին շուրջ 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները չվիճարկվեցին որևէ քաղաքական կուսակցության կողմից: Դրանք լավագույն գնահատականն ստացան միջազգային դիտորդների կողմից, ովքեր ողջունեցին ընտրությունները որպես ազատ, արդար և թափանցիկ: Դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության կարեւորագույն նվաճումներրից էր:

Անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում միջազգային ԶԼՄ-ները Հայաստանն անվանեցին համաշխարհային ժողովրդավարության հույս: Ի գիտություն ընդունելով մեր ժողովրդավարական նվաճումները՝ The Economist-ը Հայաստանը հռչակեց տարվա երկիր:

Մենք ունենք անկոտրում վճռականություն՝ առաջ մղելու ժողովրդավարությունն ու բարեփոխումները մեր երկրում: Այն հիմնված է մեր ժողովրդի ծանրակշիռ մանդատի վրա, որին մենք պատասխանատու ենք բարեփոխումներ իրականացնելու, արդարության ապահովման, տնտեսական և սոցիալական պայմանների բարելավման և մեր ազգի զարգացման գործում:

Ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում է խոչընդոտել նոր կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության քաղաքականությանը: Նրանք փորձում են խուսափել արդարադատությունից՝ օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները եւ մարտահրավեր նետելով մեր ժողովրդավարական նվաճումներին և ժողովրդավարական եղանակով ընտրված Հայաստանի կառավարությանը, որը չի իրականացրել գույքի եւ սեփականության վերաբաշխում:

Մեր ԶԼՄ-ները լիովին զերծ են կառավարության վերահսկողությունից կամ միջամտությունից: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք ենթարկվում են նախկին կառավարության նույն հին շրջանակներին՝ կեղծ լուրեր հորինելով և հասարակության մեջ անվստահություն սերմանելով թավշյա հեղափոխության ծագման և նպատակների վերաբերյալ: Չնայած այս մարտահրավերին, ԶԼՄ-ների ազատությունը խթանելու և պաշտպանելու մեր վճռականությունն անխախտ է:

Կասկածներ էին արտահայտվում մեր հեղափոխության բնույթի և նպատակների վերաբերյալ: Ոմանք կարծում էին, որ այս հեղափոխությունը հրահրվել է մեր տարածաշրջանում իրենց դիմակայող գլոբալ ախոյանների կողմից: Մյուսները հարց էին տալիս. եթե նրանք չեն այս հեղափոխության ետևում, ապա ուրիշ էլ ով կարող էր դա անել:

Այս բարձր ամբիոնից ևս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կատարվել է իր հպարտ քաղաքացիների կողմից՝ որպես կոռուպցիան, իշխանության չարաշահումը, տնտեսական և քաղաքական ուժի մենաշնորհը, մշտական ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու նրանց կամքի դրսևորում: Պետք չէ գլոբալ տերությունների մրցակցության տեսանկյունից դիտարկել հայ ժողովրդի կամքի արտահայտությունը, որը գերագույն ինքնիշխանության կրողն է մեր երկրում:

Քաղաքական վերափոխումները միտված էին ազատ, ժողովրդավարական և երջանիկ երկիր ունենալու երազանքի իրականացմանը՝ երազանք, որը ծնվել էր 80-ականների վերջին՝ Սառը պատերազմի մայրամուտին և անկախություն բերել մեր ժողովրդին:

Տիկնայք եւ պարոնայք,

հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ ժամանակակից աշխարհում հնարավոր են ժողովրդավարական փոփոխություններ: Բայց հեղափոխությունը մեր առաքելության սկիզբն էր միայն և թերեւս՝ դրա ամենադյուրին փուլը: Ներկայում մենք գտնվում ենք առաքելության մեկ այլ, առավել կարևոր և դժվարին փուլում: Մենք պետք է ապացուցենք, որ ժողովրդավարական վերափոխումը Հայաստանում անշրջելի է:

Մենք հպարտ ենք, որ արդեն իսկ ունենք որոշակի արդյունքներ: Մեր տնտեսությունն աճում է կայուն և բավական արագ: Աճին նպաստեց մեր երկրում տեղի ունեցած շատ կարևոր գաղափարական փոխակերպումը: Յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքն ունի նշանակություն. այս գաղափարը մեր տնտեսական հեղափոխության կարևորագույն շարժիչ ուժն է: Եվ մեր կառավարության ամենակարևոր առաքելությունն է ոգեշնչել և համոզել մեր քաղաքացիներին՝ հավատալ իրենց տաղանդին և իրական փոփոխություններ կատարելու կարողությանը։

Անհատական ջանքերը եղել են մեր քաղաքական հեղափոխության հաջողության հիմնական բանաձևը: Հեղափոխությունից առաջ մարդկանց միայն մի փոքր խումբ կար, որոնք հավատում էին, որ անհատական ջանքերը կարող են բերել քաղաքական փոփոխությունների մեր երկրում: Բայց այսօր սա հրամայական գաղափար է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար: Հետևաբար, մեր ընդհանուր նպատակն է իրականացնել տնտեսական հեղափոխությունը հենց այն նույն ճանապարհով, որով ավելի վաղ կատարվել է քաղաքական հեղափոխությունը:

Բարեփոխումներն ու ինստիտուցիոնալ զարգացումը հզոր գործիքներ են, որ մենք պետք է կիրառենք ժողովրդավարական Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհին: Իշխանության գալուց անմիջապես հետո մենք նախաձեռնեցինք աննախադեպ արմատական միջոցառումների փաթեթ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման նպատակով: Դրանց թվում են, օրինակ, բոլոր տնտեսական և քաղաքական խաղացողների համար համահավասար դաշտի և անկախ դատական, հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ուղղված ջանքերը: Կանանց իրավազորումը ևս մեկ ոլորտ է, որտեղ մենք արել ենք համարձակ քայլեր՝ տեսանելի արդյունքներ գրանցելու համար:

Մեր ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենակարևոր ուղղությունը կրթությունն է: Մենք հավատում ենք, որ միայն կրթության խթանման միջոցով մենք կարող ենք ժողովրդավարությունը դարձնել անշրջելի և կարող ենք հասնել կայուն տնտեսական աճի: Մեր տեսլականն է ցմահ կրթությունը դարձնել համազգային գործելակերպ մեր հասարակության բոլոր շերտերի համար` երեխաներից մինչև մեծահասակներ:
Հայաստանի կառավարությունը վճռական է՝ շարունակելու ինստիտուցիոնալ բարեփոխումները, բայց մենք նաև հույս ունենք, որ միջազգային հանրությունը կսատարի Հայաստանի նորաբողբոջ ժողովրդավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Մեզ անհրաժեշտ է հասնել միջազգային լավագույն փորձին` ժամանակ և ռեսուրսներ խնայելու առումով: Մենք պետք է խուսափենք այլ նորաստեղծ ժողովրդավարությունների կողմից նախկինում թույլ տրված սխալներից` մեր ժողովրդավարական բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր իսկապես հանձնառու են՝ օժանդակելու մեր բարեփոխումների օրակարգին: Մասնավորապես, մենք երախտապարտ ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին: Ըստ էության, ես նշեցի ՄԱԿ-ը՝ մեր համամոլորակային կազմակերպությունը, որն ընդգրկում է գրեթե ամբողջ միջազգային հանրությունը, և հուսով եմ՝ միջազգային հանրության բոլոր անդամները կցանկանային, որ հայկական ժողովրդավարությունը հաջողի:

Տիկնայք եւ պարոնայք,

ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության:

Պարոն նախագահ,

մեր հարևանների և ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններում առկա տարաբնույթ լարվածությունը մեզ շատ անհարմար իրավիճակի մեջ է դնում: Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության եւ վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ եւ գործընկերային հարաբերություններ:

Մեզ համար լուրջ մարտահրավեր է մեր գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝ բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինենք բոլորի համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու: Եվ մենք կշարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար։

Տիկնայք եւ պարոնայք,

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն:

Ես այդ բանաձևը ներկայացրեցի ոչ միայն հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:

Փաստորեն, մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը և ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային միության վերականգնման գաղափարին։

Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում:

Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի:

Տիկնայք եւ պարոնայք,

կարևոր եմ համարում բացատրել, թե ինչու եմ ես անդրադառնում այս թեմային: Կարող է թվալ, թե ես կամենում եմ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին: Իհարկե՝ ոչ, ընդհակառակը, ես ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար, որն անհնար է լուծել առանց ծանր և հետևողական աշխատանքի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշիռ մոտեցման:

Ուստի ես կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել  խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար:

Տիկնայք եւ պարոնայք,

մի քանի օր առաջ մենք նշեցինք Հայաստանի Անկախության օրը: 28 տարի առաջ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ` վերականգնելով իր տեղը և դերը համաշխարհային ասպարեզում:

Մենք միջազգային համագործակցության շահառուն ենք և միաժամանակ հանդիսանում ենք անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների օրակարգի ներդրող: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս արդյունավետ բազմակողմանիությանը: Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում` խթանելու գլոբալ անվտանգությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային զենքի չտարածումը, միջուկային անվտանգությունը և խաղաղապահ գործողությունները:

Հայաստանը մասնակցում է Մալիում, Լիբանանում, Կոսովոյում և Աֆղանստանում գործող խաղաղապահ գործողություններին և կատարում է բուժօգնություն և ականազերծման գործողություններ իրականացնող մարդասիրական առաքելություն:

Արդյունավետ բազմակողմանիության օգուտներն արտացոլված են Կայուն զարգացման նպատակներին հասնելու նպատակով իրականացվող գլոբալ ջանքերում: Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը փոխլրացվում է մինչեւ 2050 թվականը նախատեսված հավակնոտ վերափոխման ռազմավարության մեկնարկով, որը ներառում է 16 մեգա-նպատակներ:

Կրթության, նորարարության և սմարթ զարգացման առաջնահերթությունները, ներառական և մասնակցային քաղաքական և տնտեսական միջավայրը շեշտում են զարգացման և մարդու իրավունքների միջև փոխկապակցվածությունները: Կանանց և երիտասարդության դերը հետագա առաջ մղելը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար: Մենք կշարունակենք կենտրոնանալ այս բոլոր հարցերի վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային օրակարգում:

Ես կցանկանայի նաև կարեւորել տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրումը: Հայաստանն արդեն զգում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը` արձանագրելով 1.3 աստիճան ջերմաստիճանի միջին բարձրացում: Այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու նպատակով մենք աշխատանքներ ենք տանում կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմի մշակման ուղղությամբ, որը մաս է կազմում Գլխավոր քարտուղարի հովանու ներքո կայացած Կլիմայի գործողությունների գագաթաժողովին Հայաստանի ստանձնած ազգային պարտավորության:

Կայուն զարգացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է ներառական գործընթաց լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրա քաղաքական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից: Ոչ ոք, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պետք է անմասն չմնա կայուն զարգացման գործիքներից: Ինչպես մյուսները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ մարդու իրավունքների ամրապնդման, աղքատության հաղթահարման, կրթության բարելավման, կլիմայի փոփոխություններին արձագանքելու և ներառական հասարակություն կառուցելու համար:

Որպես ժողովրդավարական երկիր և միջազգային հանրության հուսալի և կանխատեսելի անդամ՝ Հայաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ միջազգային համագործակցության մեջ` գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, կայուն զարգացմանը նպաստելու և մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանելու համար:
Մենք հանձնառու ենք շարունակել կառուցողական երկխոսությանը միջազգային բոլոր գործընկերների հետ` դիմագրավելու համընդհանուր մարտահրավերները և առաջընթաց և բարգավաճում ապահովելու մեր ժողովուրդների համար:

Մենք դեմ ենք բաժանարար գծերին և առճակատման քաղաքականությանը: Մենք դեմ ենք փակ սահմաններին, որոնք 21-րդ դարում համարվում են անհեթեթություն, բայց դեռ առկա են մեր տարածաշրջանում:

Որպես մի ազգ, որն անցել է ցեղասպանության սարսափի միջով, մենք հանդես ենք գալիս մեր անկայուն տարածաշրջանում փոխըմբռնման և խաղաղության օգտին:

Ռազմական գերազանցության անիրատեսական հույսերի վրա հիմնված էսկալացիայի և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը Հարավային Կովկասում ապագա չունի:

Մեր տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել ազատ եւ խաղաղ՝ բարին արարելու, իրենց երեխաներին սնելու, կրթելու և լուսավոր ապագա կառուցելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կառավարություն. Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
16:33
Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են այդ հարցի լուծմանը (խաղաղության պայմանագրի կնքմանը), ինչպես երբևէ։ Օկուպացիայի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իշխան Աղբալյան. Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
Բաքուն համաձայնել է Ղազախստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:10
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ Եվրոպայում բռնապետության չեմպիոն
«Ես կանդրադառնամ էթնիկ զտումների և ցեղասպանության կիրառմանը որպես գործիք Մերձավոր Արևելքի էթնոքաղաքական, էթնոդավանանքային և այլ խնդիրների...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում։ Փակ է դեպի Ոսկեպար տանող Բաղանիս-Այրումին հարակից...
Աղբյուր` Panorama.am
14:59
Մեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն Մանվելյան
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, էներգետիկ անվտանգույան փորձագետ Արմեն Մանվելյանը գրում է. «Այս պահի դրությամբ ունենք...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
«Ժողովուրդը քնած է, տեղներից իրար չեն գալիս։ Պետք է ոտքի կանգնել։ Տավուշից վերջացնեն, գալու են Գեղարքունիք։ Հերթով գալիս են։ Բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. Կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}