Վրաստանի պաշտպանության նախարարին ներկայացրել են նորանշանակ ռազմական կցորդին
Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Սադոյանը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնի ստանձնման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանա պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերությունները։
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ հայ-վրացական եղբայրական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգացման մեծ ներուժ։
Դեսպան Սադոյանը նախարար Ղարիբաշվիլիին ներկայացրել է Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող քայլերի իրականացումը։