Հիմնադրամը հատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Կարապետյանի ընտանիքին
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի սեպտեմբերի 27-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ զինծառայողի ընտանիքի անդամներին:
Հիմնադրամի կայքից տեղեկանում ենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի ընտանիքին հասանելիք հատուցումը կազմում է միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում՝ ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանը զոհվել է 2019 թվականի մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում։ Նա զոհվել է ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում։ Մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:
Հարակից հրապարակումներ`
- Հատուցումներ՝ 12 զոհված զինծառայողի ընտանիքներին 2008-2014թթ-ի դեպքերի մասով
- Հատուցում՝ 1 զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ հաշմանդամ զինծառայողի
- Հիմնադրամը հատուցում է տրամադրել զոհված 6 զինծառայողի ընտանիքի
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի ընտանիքին
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարել ևս 5 զինծառայողի ընտանիքի