Սպասվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունից հայտնում են՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ հարաբերությունները, և վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի հաճախակիությունը վկայում է հայ-լիտվական կապերի դինամիկ զարգացման մասին:
«Հայաստանի համար Լիտվան կարևոր գործընկեր է, ում հետ մենք ցանկանում ենք զարգացնել կապերը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Մենք ունենք բարեփոխումների մեծ օրակարգ, և այդ գործընթացում Եվրոպական միությունը մեր երկրի կարևորագույն գործընկերներից է: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ անդամ երկրների, Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը և փորձի փոխանակումը», - ասել է Հայաստանի վարչապետը:
Վիկտորաս Պրանցկետիսը նշել է, որ լիտվական կողմը համակարծիք է Հայաստանի վարչապետի հետ, և հենց այդ՝ երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով էլ Լիտվայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, իսկ մյուս տարի սպասվում է նաև Լիտվայի վարչապետի այցը Հայաստան:
«Լիտվան ողջունում է թավշյա հեղափոխությունը, ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները և պատրաստ է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, կիսվել բարեփոխումների իր փորձով ու հաջողություններով, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ոլորտում», - ասել է Լիտվայի Սեյմասի խոսնակը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լիտվան նաև կարող են զարգացնել արդյունավետ համագործակցություն տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, բնապահպանական, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում