Միքայել Մելքումյան. Ինչո՞ւ ԵԽ Զարգացման բանկը Հայաստանում ներդրումներ չի իրականացնում
Նախօրեին ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի մասին զեկույցի քննարկման շրջանակում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Միքայել Մելքումյանը հարց է բարձրացրել, թե ինչու ԵԽ Զարգացման բանկը Հայաստանում ներդրումներ չի իրականացնում։ Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Հարգելի գործընկերներ,
Քննարկվող հարցն ունի աննախադեպ կարևորություն, նշանակություն, քանի որ այն վերաբերում է շատ ու շատ երկրների տնտեսական և սոցիալական ոլորտներին: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը և տարիների ընթացքում նրա գործունեությունը ցույց են տվել, որ շատ որոշակի ծրագրեր են իրականացվում տարբեր երկրներում: Այլ խնդիր է այդ ծրագրերի իրականացման արդյունավետությունը և դրա հիմքի վրա ապագային միտված քայլերի հստակեցումը:
Մենք հանձնաժողովում մի շարք անգամներ քննարկել ենք այս հարցը, հրավիրվել է նաև բանկի ղեկավար կողմը, մադամ Տրիսը շատ լավ զեկույց է կազմել: Սակայն այս քննարկումից հետո ինչ է փոխվելու՝ առայժմ լավ չեմ պատկերացնում:
Այն, որ առանց բանկի մասնակցության և միջամտության կյանքը չի կարող առաջ գնալ, դա ակնհայտ է: Օրինակ՝ մեր երկրում յուրաքանչյուր ընտանիքում կա 2,5 վարկառու, և հաճախ վարկերն օգնում են մարդկանց, բայց շատ հաճախ էլ մեր համաքաղաքացիները կորցնում են իրենց կացարաններն ու ունեցվածքը: Իհարկե, դա վատ է: Մենք ունենք մի օրենք, համաձայն որի մարդու վերջին կացարանը ինչ-որ մի գումարի սահմաններում չպետք է բռնագանձվի: Սակայն այդ օրենքի կենսունակությունը պետք է կյանքով ապացուցվի, և ընդհանրապես վերջին և միակ կացարանը չպետք է գրավադրվի:
Այսպիսով, որքան էլ բիզնեսում շահերն առաջնային են, այնուամենայնիվ բանկ-քաղաքացի հարաբերությունների առանցքում պետք է գործի նաև մարդու սոցիալական և իրավական պաշտպանության թեզը: Չէ՞ որ վարկ վերցնում են կյանքը լավացնելու համար:
Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի մասին զեկույցում հղում կար իմ երկրին: Հայաստանը դեռևս անդամ չէ, սակայն ներկայումս մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները:
Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Բանկի որոշ գործողություններ, մասնավորապես նրանք, որոնք փախստականներին, գաղթականներին և տեղահանվածներին օգնություն ցույց տալու հետ են կապված:
2012թ. Հայաստանն ապաստան է տվել Սիրիայից ժամանած ավելի քան 22,000 փախստականների: Այնպես որ, միանշանակ հետաքրքրություն կա բանկի ծավալած գործունեության նկատմամբ, և լավ կլիներ, եթե այն ներդրումային ծրագրեր իրականացներ նաև Հայաստանում:
Կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի կողմից կազմակերպված որոշակի միջոցառումներին ոչ անդամ երկրներին հրավիրելը կարող է օգնել՝ ավելի լավ ճանաչելու նրա գործունեության շրջանակը:
Ես խիստ լավատես եմ ապագայի նկատմամբ. մենք կգնանք ճիշտ ճանապարհով: Ինչպես Ուինսթոն Չերչիլն էր ասել՝ վատատեսը ամեն հնարավորության մեջ գտնում է դժվարություններ, իսկ լավատեսն ամեն դժվարության մեջ գտնում է հնարավորություններ:
Իսկապես, դժվարությունները մարդկանց մոբիլիզացնում են, անհնարինը դարձնում հնարավոր: Հուսանք, որ քննարկվող թեմայի շրջանակներում այս բանկը կկանգնի քաղաքացու կողքին, և որ գործընկերներ լինելու հանգամանքը բանկի բոլոր շահառուները կգնահատեն»,-ասել է Միքայել Մելքումյանը։