Հայաստանը, լինելով փոքր երկիր, պետք է կենտրոնանա արտահանման վրա. Շանտալ Դուպասքյե
Հայաստանը, լինելով փոքր երկիր, պետք է կենտրոնանա արտահանման վրա: Այս մասին այսօր «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿԱԶՀ ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի ղեկավար Շանտալ Դուպասքյեն։ Նշենք, որ Հայաստանի համար զեկույցը մշակվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից։
Ըստ նրա՝ տնտեսության զարգացման համար արտահանումը բավական կարևոր դեր է կատարում, բայց արտահանման աճը պահանջում է բավականին մեծ ներդրումներ։ Նա միաժամանակ նշեց՝ առաջիկայում Հայաստանում սպասվում են մի շարք խոշոր ներդրումներ. դրանք արդեն «ճանապարհին» են։
Նրա խոսքով՝ արդեն աճող, զարգացող տնտեսություններում ներդրումների խթանման համար փնտրում են ճանապարհներ այնպիսի ոլորտներում, ինչպիսին է բարձր տեխնոլոգիաները, մանածագործությունը, հագուստի արտադրությունը, գյուղատնտեսությունը:
«Այդ ոլորտներով միջազգային ներդրողները կարող են հետաքրքրված լինել Հայաստանում»,- ընդգծեց նա։
Շանտալ Դուպասքյեն նշեց, որ ներդրումներն արդյունավետ դարձնելու համար պետք է ստեղծել հիմքեր, իսկ Հայաստանը բազմաթիվ անգամ կարողացել է ապացուցել, որ ի վիճակի է բարենպաստ միջավայր ստեղծել օտարերկյա ուղղակի ներդրումների ներգրավման համար։
«Օրինակ, Սփյուռքը ձեզ համար ևս յուրահատուկ ռեսուրս է, այլ երկրները այդ ճոխությունը չունեն»,- ասաց նա։