Արաբագետ. Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց կանխել Անկարայի նկրտումները Սիրիայի հյուսիում
Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում Թուրքիան հերթական ինքնուրույն ռազմագործողությունը կնախաձեռնի Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Եփրատ գետից արևելք գտնվող քրդաբնակ շրջաններում:
«Կարելի է փաստել, որ Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց կանխել Անկարայի նկրտումները Սիրիայի հյուսիում: Անգամ ենթադրյալ անվտանգության գոտու ստեղծման նպատակով ձևավորված թուրք-ամերիկյան Համատեղ գործողությունների կենտրոնը չտվեց անհրաժեշտ արդյունք. առավելագույնը, ինչ շահեց ԱՄՆ-ն, մի քանի ամիս ժամանակն էր:
Ինչ վերաբերում է թուրքական կողմի հնարավոր ռազմագործողությանը, ապա վստահաբար կարելի է կանխատեսել՝ այն բավական խնդրահարույց է լինելու և՛ բուն գործողության մասով, և՛ արտաքին դերակատարների հետ հարաբերությունների. չկա որևէ միջազգային խաղացող՝ անգամ դաշնակիցների, գործընկերների շրջանում, որը կիսում է Թուրքիայի մոտեցումը տվյալ խնդրի առնչությամբ:
Քրդերը ևս վճռական են տրամդրված Թուրքիայի դեմ: Ի տարբերություն, ասենք, նույն Մանբիջի, Աֆրինի, Սիրիայի այս հատվածում քրդերի պատասխանը և՛ ռազմական, և՛ իրավաքաղաքական հարթություններում որակապես տարբերվելու է նախորդներից»,-գրել է արաբագետը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծրագրված ռազմական գործողություններին, նշել է, որ այդ շրջանը «ահաբեկիչներից մաքրելու» հարցում տրամադրված են վճռական և նպատակ ունեն այդպիսով ապահովել Թուրքիայի անվտանգությունը:
«Սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր աջակցել ենք այդ երկրի տարածքային ամբողջականությանը: Սրանից հետո նույնպես շարունակելու ենք աջակցել: Մենք կնպաստենք, որպեսզի Սիրիայում վերականգնվի անդորրը, խաղաղությունը և կայունությունը»,-ասել է նա:
Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը, ի պատասխան թուրքական կողմի հայտարարությունների, նշել է, որ Սիրիայի ինքնիշխանության դեմ գործողությունների միջոցով չէ, որ պիտի ապահովվի Թուրքիայի անվտանգությունը:
«Մենք թուրքական կողմին հայտնել ենք, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու միակ երաշխիքը սահմանամերձ շրջաններում զինված ուժեր տեղակայելն է։ Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը վնաս հասցնելով՝ չեն կարողանալու ապահովել Թուրքիայի անվտանգությունը»,-հայտարարել է իրանցի պաշտոնյան։
«Էրմենիհաբեր»-ը գրել է, որ թուրքական զինուժի կողմից Եփրատի արևելքում իրականացվելիք ռազմական գործողությունններին մասնակցելու է «Սիրիայի ազատ բանակի» խմբավորման 14.000 զինյալ:
Նրանք աջակցելու են թուրքական զինուժին: Կռվելու են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) վերահսկողության տակ գտնվող Ռաքքայի, Հասաքայի և Մանբիչի դիրքերում:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի հյուսիսում պայթյուններ են եղել
- Թուրքիան ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայի հյուսիսում
- Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ