Սևանն աղտոտում են, հետո պահանջում, որ հավաբուն հիշեցնող օբյեկտներում մարդիկ հաց ուտեն. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ ամռանը Սևանա լճի շուրջ գործունեություն իրականացնող գործարարների բողոքին։
Նա նշեց, որ տնտեսվարողները բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին՝ հայտարարել, որ Սևանի հետ ամեն ինչ նորմալ է:
«Հարց. իսկ իրենք Սևանը չաղտոտելուն կամ աղտոտումը նվազեցնելուն ուղղված որևէ գործողություն անո՞ւմ են։ Իմ կարծիքով՝ հիմա Սևանի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են։ Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ և Կառավարությունից պահանջում են՝ քաղաքացիներին ուղղորդեն, որ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,-ընդգծեց վարչապետը։
Նրա խոսքով՝ սա քաղաքակրթական հարց է և պետք է դրան լուրջ վերաբերվել։
Վարչապետի խոսքով՝ ամեն ինչ չէ, որ պետք է սոցիալական խնդրով պայմանավորել։ Ըստ նրա՝ հասկանալի է, որ մարդիկ ընտանիք են պահում, բայց քանդվող ու փտող «վագոնչիկներով» երկար ընտանիք չեն պահի։
«Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի: Սա մեր խնդիրն է ու մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում: Այսինքն՝ մարդիկ վնաս են հասցնում, իրենց գործողությունների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են ՝ Կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի։ Դուք ձեր ոտի տակը մաքրեք: Հատկապես թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երևույթներ կան, հերիք է աչք փակել այդ երևույթների առաջ: Պետք է հասցեական գնալ, միջոցներ ձեռնարկել»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ խոսում են զբոսաշրջության զարգացման մասին, բայց Սևանում տեղեր կան, որ եթե այնտեղ զբոսաշրջիկ հայտնվի, ապա ում տեսնի, կասի՝ հանկարծ Հայաստան չգնաք։ «Երկրի իմիջն է ուղղակի վնասում»,- ընդգծեց նա։