Շատ համարձակ հայտարարություն եք անում. վարչապետը՝ Պապիկյանին
Սևանա լճից այսօրվա դրությամբ բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Ամենայն հավանականությամբ, ըստ նախարարի, Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չի լինի, եթե լինի էլ, ապա շատ փոքր ծավալներով:
«Մենք ոչ միայն լրացուցիչ ջրի կարիք չունեցանք, այլև մոտ 30 մլն խմ-ով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, ինչն անցյալ տարի ավելի վերցրել էինք»,- ընդգծեց Էրիկ Գրիգորյանը։
Նա նաև ասաց, որ այս պահի դրությամբ 5 սմ-ով բարձր է Սևանա լճի մակարդակը, շատ ավելի բարձր կլիներ այն, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին։
Նախարարի կարծիքով՝ հաջորդ տարիների համար հնարավոր է ջրի պահանջարկը որոշ չափով նվազեցվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես հաջողվեց նման արդյունք գրանցել, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ ճիշտ և համակարգված աշխատանքի պարագայում կարելի է հասնել ավելի լավ ցուցանիշների. «Կարծում եմ՝ հաջորդ տարի ավելի լավ ցուցանիշներ կարձանագրենք»:
«Շատ համարձակ հայտարարություն եք անում, մանավանդ՝ եղանակային անկանխատեսելիության այս ժամանաշրջանում, բայց արդեն ասացիք»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե Սևանա լճի ջրիմուռային պրոբլեմի հետ կապված ի՞նչ է արվում՝ մասնավորապես, Մարտունու, Գավառի կոյուղաջրերի ներդրման առումով։
«Դա մենակ Սևանի հետ չի տեղի ունենում, ասացիք, որ նույնիսկ Սև ծովում և այդ գոտում գտնվող մյուս ջրավազաններում է այդ երևույթը նկատվում։ Երևույթը նախորդ տարի եղավ, այս տարի եղավ և դրա արդյունքում խուճապ է տարածվում: Սակայն առնվազն սեպտեմբերին Սևանի ջուրը թափանցիկության շատ բարձր մակարդակ ուներ»,- ասաց վարչապետը:
Հարցին՝ ինչպե՞ս կարող են կառավարել այս խնդիրը, մյուս տարի կարո՞ղ են կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու։
Պատասխանելով հարցին՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ հաջորդ տարի ևս ակնկալվում է կապտականաչ ջրիմուռների աճ։
Ըստ նրա՝ ԵՄ-ից ակնկալվող 5 մլն դրամաշնորհը ևս կուղղվի Սևանի մաքրմանը, կիրականացվեն ափամերձ տարածքների մաքրման ավելի մեծ աշխատանքներ։
«Միանշանակ է՝ աղտոտումների ծավալը, որ գալիս է տասնյակ համայնքներից, այլ աղբյուրներից, պետք է կտրուկ նվազեցվի, հակառակ դեպքում՝ ռիսկը մեծ է»,- ասաց Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ պետք է աշխատանքներ արվեն կեղտաջրերի նվազեցման և ջրի մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան