Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությունը մարտահրավեր է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար. Արմեն Պետրոսյան
Սիրիայի հուսիս-արևելքում քրդական տարաբնույթ կառույցների դեմ Թուրքիայի նախաձեռնած հերթական ռազմագործողությունը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Մասնավորապես, Թուրքիայի թիրախում հայտնված տարածքներում գտնվող ամենախոշոր Հասաքայի և Կամիշլիի շրջաններում տարբեր տվյալներով շարունակում են ապրել շուրջ 3000 սիրիահայեր։
Իրավիճակն ավելի է բարդանում ս․թ․ ապրիլից Սիրիայի քրդերի կողմից նախաձեռնված և նաև թուրքական քարոզչամեքենայի կողմից լայնորեն տարածված, այսպես կոչված, «Հայկական գումարտակի» ձևավորման թեմայի համատեքստում․ նշված կազմավորումն իբրև թե գործում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցի շրջանակում, որը ևս հիմնականում Անկարան համարում է հակահաբեկչական։ Ստացվում է՝ Թուրքիայի հակաահաբեկչական գործողության թիրախում առնվազն կարող են հայտնվել նաև ազգությամբ հայեր։
Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ շրջանները համեմատաբար խիտ են բնակեցված, և դրանց ուղղությամբ լայնամասշտաբ գործողությունները հղի են մարդասիրական աղետի սպառնալիքով, ինչից այս փուլում Թուրքիան ամեն կերպ կխուսափի, այդուհանդերձ ստեղծված իրավիճակում, առայժմ գոնե, դիվանագիտական հարթությունում՝ Աստանայի ձևաչափում Թուրքիայի գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությամբ անհրաժեշտ է փորձել երաշխիքներ ձեռք բերել շրջանի հայ համայնքի անվտանգության հարցում։
Իսկ կանխատեսելի ապագայի համար ճիշտ կլինի օրակարգում ունենալ նաև նրանց տարհանման տարաբնույթ սցենարներ»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունների և միջազգային կառույցների արձագանքը՝ Թուրքիայի Սիրիա ներխուժմանը
- ԱԳՆ. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
- Թուրքիան ներգրավված բոլոր երկրներին կտեղեկացնի Սիրիայում առաջիկա գործողությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ