ՏՄՊՊՀ. Մինչ այս պահը մսամթերք արտադրող որևէ ընկերությունից ահազանգ չենք ստացել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է տարածել «Փաստ» թերթի հրապարակման առնչությամբ։
« «Փաստ» թերթը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ «սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30%-ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը»: Միաժամանակ թերթից նշել են, թե «Աթենք» մսամթերք արտադրող ընկերությունը վերոնշյալի մասին ահազանգել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն հանձնաժողովը որևէ քայլ չի ձեռնարկել խնդրի առնչությամբ:
Պաշտոնապես հայտնում ենք, որ մինչ այս պահը մսամթերք արտադրող որևէ ընկերությունից, այդ թվում «Աթենք» ընկերությունից նման խնդրի վերաբերյալ ահազանգ չենք ստացել: Բացի այդ, այսօր կապ ենք հաստատել ընկերության գործադիր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի հետ, որը նույնպես հերքել է այդ տեղեկատվությունը:
Միաժամանակ հորդորում ենք արտադրողներին նման փաստերի առկայության դեպքում անպայման դիմել հանձնաժողով: «Փաստ» թերթը նույնպես կարող է մեզ ահազանգել՝ հստակ փաստերի առկայության դեպքում: Վստահեցնում ենք, որ պատրաստակամ ենք պաշտպանել արտադրողների շահերը օրենքով հանձնաժողովին ընձեռնված ողջ լիազորությունների շրջանակում»։