Առաջարկվում է կանանց քվոտան ԱԺ-ում հասցնել 40 տոկոսի
Այժմ Ընտրական օրենսգրքով Ազգային ժողովում կանանց քվոտան սահմանված է 25 տոկոս, հաջորդ հերթական ընտրությունների ժամանակ կլինի 30 տոկոս: Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն առաջարկում է դարձել 40 տոկոս: «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» քննարկմանը լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց, որ այժմ ԱԺ-ում և կառավարությունում իր գործընկերների հետ քննարկում է կանանց ներգրավածության համար օրենսդրական մեխանիզմներ ստեղծելու հարցը:
ԱԺ փոխնախագահի կարծիքով, եթե ստեղծվեն հնարավորությունները, կանայք քաղաքականութուն մուտք գործելու հայտ կներկայացնեն:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, Լ. Նազարյանի խոսքով, Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ եթե կուսակցությունների ներկայացրած ցուցակներում կանանց համապատասխան ներկայացվածություն չկա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցում:
«Դա կարող են պահպանել, բայց կարող ենք խրախուսական գործիքներ կիրառել, մասնավորապես պետական աջակցություն լինի այն կուսակցություններին, որոնք իրենց ցուցակներում կընդգրկեն կանանց»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե ի՞նչն էր խանգարում, որպեսզի իշխանությունը կառավարություն ձևավորելիս ավելի շատ կանանց ընդգրել գործադիրում, Լ. Նազարյանն ասաց, որ նման ցանկություն, ձգտում եղել է, բայց եղել են նաև օբյեկտիվ հանգամանքներ, երկար ժամանակ փնտրել են կին նախարարներ, չեն կարողացել այդ պահին գտնել:
«Բայց մեր նպատակն ու ձգտումը մնում է նույնը: Հիմա արդեն ստեղծում ենք օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի հետագայում նույնիսկ եթե իշխանությունը փոխվի, կառավարություններ փոխվեն, մշակույթը ձևավորի, որովհետև հաջորդ կառավարութուններն արդեն հետքայլ չեն կարող անել»,- ասաց Լ. Նազարյանը: