ՄԻՊ-ում զինծառայողներին առնչվող խնդիրներ են քննարկվել
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։
ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք ՀՀ զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված նիստին մասնակցել են Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի քարտուղարության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
«Զինծառայողների կարգավիճակի բարձրացումը իմ աշխատանքի առաջնային սկզբունքներից է։ Մեր աշխատակազմում ուսումնասիրված առաջատար երկրների փորձի հիման վրա իրավասու մարմիններ ներկայացվել է առաջարկություն զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկները Պաշտպանության նախարարության կողմից հավանության են արժանացել, որից հետո դրանք ներկայացրել եմ ՀՀ վարչապետին կենսագործելու նպատակով»,- ասել է Արման Թաթոյանը։
Անդրադառնալով իրավախախտում կատարած զինծառայողների հարցին՝ Պաշտպանի ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ զինծառայողին պատասխանատվության ենթարկելուց առաջ պետք է վեր հանել զինծառայողի կողմից կատարած իրավախախտման պատճառները: Դա հետագայում կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն: