Գևորգ Գևորգյան. ՀՀ իշխանությունն իր վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց Ալիևի՝ մարտական կոչերով հանդես գալու համար
Ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը բնորոշում է ռազմական գործողությունների վերսկսման նախաբան:
«Իրականում Հայաստանի իշխանությունը մեկուկես տարի իր վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց Ալիևի ու Ադրբեջանի՝ նման գռեհիկ և մարտական կոչերով հանդես գալու համար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Գ. Գևորգյանը նշեց, որ առաջնագիծն առանց ամուր թիկունքի, պառակտված ժողովրդով, թունավորված հասարակությամբ, քայլ արածներով և չքայլ արածներով, վտանգավոր է:
«Ապազգային քաղաքականություն վարելով, հերոսներին վարկաբեկելով, Արցախյան ազատամարտի լեգենդներին վարկաբեկելով, բոլոր այն տղաներին, որոնք, իրականում անցել են հաղթանակ ճանապարհ և այդ տղաներին վարկաբեկելով, Նժդհի մասին խոսելը ներկայիս իշխանության կողմից անհեթեթություն է»,- ասաց նա:
Նրա խոսքով, Ադրբեջանը, թուրքը միշտ ցանկացել է իր մարտական գործողություններով հասնել իր նպատակին:
«Եթե, Աստված չանի, այս անգամ նրանք ինչ-որ չափով հասնեն իրենց նպատակին, հավատացեք, առաջին հերթին այսօրվա իշխանության մեկուկես տարի վարած ապազգային քաղաքականության արդյունքն է լինելու»,- ասաց ռազմական-քաղաքական գործիչը:
Գ.Գևորգյանը նշեց, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասյանն այն տղաներից մեկն է, ով մորթող թուրքի ձեռքն է բռնել, ով կարողացել է ազատագրել ու հաղթանակել:
«Նա Նիկոլի գլխի մազերի չափ դիակ է տեսել: Հիմա Նիկոլն ուզում է վախեցնի: Ո՞ւմ է ուզում վախեցնի, ինչո՞վ է ուզում վախեցնի: Ոչ մի իրավական հիմքեր չունի ու չի կարողանում դա մեջբերել: Այս մեկուկես տարում նրա ամենակարևոր գործը, որ անում է, բոլոր հաղթանակած տղերքին բարոյական զրկումն է:Նիկոլը թող հիշի, որ այդ տղերքն են եղել, ովքեր պահել են թուրքին, որ նույնիսկ իր տուն չի գնացել հասել: Ու այդ տղերքին բարոյազրկել, արժեզրկել... Բանակն առանց թիկունքի, թույլ թիկունքով ամուր բանակ չէ: Մենք հիմա միասնական չենք, պառակտված ենք, ու դա ամենամեծ մեր խնդիրն է»,- ասաց Գ. Գևորգյանը:
Ասուլիսին ներկա «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանն ասաց, որ Վ. Բալասանյանն իր մարտական ընկերն է, նրա կողքին կանգնած է:
«Պատերազմի ժամանակ ինչ-որ կարողացել է, տվել է հայրենիքն, ազգին»,- ասաց նա: