Արցախյան բերքի տոնին հաղթել է Քաշաթաղի շրջանը
Արցախում հոկտեմբերի 13-ին անցկացվել է ամենամյա հերթական բերքի տոնը։ Այս միջոցառումն Արցախում անցկացվում է հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը՝ խորհրդանշելով գյուղատնտեսության աշխատողի օրը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և հարակից տարածքներում կազմակերպվում է գյուղատնտեսական մթերքների տաղավարային ցուցահանդես-վաճառք։ Հանրապետության բոլոր շրջանների հարյուրավոր համայնքներից ներկայացած մենատնտես գյուղացիները հնարավորություն են ստանում իրենց արտադրանքը մեկ օրվա մեջ ներկայացնելու մի քանի հազար գնորդի։
ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարի ևս արցախյան բերքի տոնին «լավագույն շրջան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանը։ Մեկ այլ՝ «ցածր գին» անվանակարգում հաղթության է արժանացել շրջանի հարավային թևում գտնվող Սարատակ գյուղական համայնքը։
Քաշաթաղին է բաժին հասնում Արցախի գյուղատնտեսական արտադրանքի ≈1/3-ը, շրջանում մշակվում են նաև մերձարևադարձային մշակաբույսեր, մեծանում են այգեգործության համար հատկացված հողատարածքները։ Սրանից զատ՝ Սյունիքի մարզին և Իրանի Իսլամական Հանրապետությանն ունեցած աշխարհագրական մերձավորությունն իրացումային հավելյալ խթան կարող է լինել շրջանում գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության զարգացման համար։ Հենց վերոնշյալի հաշվառմամբ էլ շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի հետևողականությամբ և «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» աջակցությամբ շրջկենտրոն Բերձորում նախաձեռնվել է գյուղատնտեսական քոլեջի ստեղծում, որը թույլ կտա մարդկային ենթակառուցվածքի և գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում հասնել սիներգետիկ էֆեկտի։
Այս տարի ևս միջոցառումն ունեցել է պատվավոր հյուրեր՝ հանձինս նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի, ՌԴ Պետական դումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան