Հանդիպում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովի մասնակիցների հետ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Կենտրոնական և Հարավային Ամերիկայից (Արգենտինա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Չիլի, Ուրուգվայ) Հայաստան և Արցախ ժամանած հասարակական քաղաքական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների, գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ Գրիգոր Հովհաննիսյանն արձանագրել է, որ Հայաստանը և Լատինական Ամերիկայի ժողովուրդները միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև առանձին երկրների հետ երկկողմ հարաբերություններին։
ԱԳ նախարարի տեղակալը երախտագիտություն է հայտնել հյուրերին՝ Արցախի ժողովրդին սատարելու և նրա կողքին լինելու համար։