Այս շաբաթ վերսկսվում է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով վկաների հարցաքննությունը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, այս շաբաթ վերսկսում է նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթացը, քանի որ օրենսդիրներն աշխատանքի են վերադառնում երկշաբաթյա հանգստից հետո։ Փակ դռների հետևում վկայություններով են հանդես գալու վարչակազմերի ներկա ու նախկին պաշտոնատար անձինք։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նիստը հոկտեմբերի 14-ին լսում է Թրամփի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով բաժնի նախկին տնօրեն Ֆայոնա Հիլին։
Մեծ կարևորություն է ունենալու Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդի վկայությունը հինգշաբթի օրը։
Թրամփի ընտրարշավի դոնորներից Սոնդլանդը, որն այս պաշտոնում ավելի շատ նախագահի ընտրությունն է, քան փորձառու դիվանագետ, հեռախոսային այն գրառումների մասնակիցներից է, որոնք ըստ դեմոկրատների, անհանգստություն են արտահայտել Ուկրաինայի հարցով Ջո Բայդընի վրա նախագահի գործադրած ճնշումների կապակցությամբ։
Իմփիչմենթի հարցով սկսված հետաքննությունը վերաբերում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև հուլիսի 25-ին անցկացված հեռախոսազրույցին, որի ժամանակ Թրամփը հորդորել էր Վոլոդիմիր Զելենսկիին հետաքննություն իրականացնել քաղաքական իր մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդընի և նրա բիզնեսմեն որդու՝ Հանթըր Բայդընի հարցով։
Դեմոկրատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ նա, ըստ մեղադրանքների, ժամանակավորապես կասեցնելով Ուկրաինայի համար նախատեսված 391 միլիոն դոլարի հատկացումները, ճնշումներ է բանեցրել ԱՄՆ-ի դաշնակից այս երկրի նախագահի վրա՝ պահանջելով, որ նա «քաղաքական կեղտ» գտնի կապված իր մրցակից Բայդընի անվան հետ։
Սկսված հետաքննությունը կարող է Ներկայացուցիչների պալատին թույլ տալ հաստատել իմփիչմենթի մասին օրենքը, որից հետո հարցը կդրվի Սենատում՝ որոշելու համար, Թրամփը պիտի ազատվի զբաղեցրած պաշտոնից, թե ոչ։
Սենատում, սակայն, մեծամասնություն են կազմում հանրապետականները, որոնք ցույց չեն տալիս նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցում հետաքրքրություն։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Ուկրաինան անվանել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը
- Թրամփը չի վախենում «ուկրաինագեյթից»