«Էդ հարցը լուծում չունի՞». վարչապետ
Չորային եղանակների պատճառով հանրապետության տարածքում հրդեհներն ավելացել են։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշեց, որ հոկտեմբերի 16-ին հանրապետությունում գրանցվել է հրդեհի 50 դեպք, որից 36-ը՝ խոտածածկ և անտառներին մոտ տարածքներում։
Նախարարն ասաց, որ ներկայումս հրշեջներն աշխատանքներ են տանում՝ մարելու Բերդի տարածաշրջանի հանդամասերից մեկում բռնկված հրդեհը։
Ֆելիքս Ցոլակյանը նշեց նաև, որ երեկ Տավուշում հինգ հրդեհ է գրանցվել. «Դիլիջանում և Իջևանում հրաձգարաններ կան, որոնցում արդեն որերորդ անգամ հրդեհ է բռնկվում, 10-20 հա-ով այրվում են»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս տարի այդ տեսանկյունից մի փոքր լարված էր։ Նրա խոսքով՝ թեև այս տարի իրավիճակը հսկողությունից դուրս չեկավ, բայց պետք է վերլուծել հաջողություններն ու թերությունները. «Երբ ձմեռը ձյունը կհանգցնի բոլոր հրդեհները, պետք է նախապատրաստվենք հաջորդ տարվան»:
Ֆելիքս Ցոլակյանն էլ կատակեց. «Էդ ժամանակ էլ բուքն է գալիս, դրա դեմ պետք է պայքարել»:
«Այսինքն՝ էդ հարցը լուծում չունի՞»,-ավելացրեց վարչապետը, ինչին ԱԻ նախարարը պատասխանեց. «Ունի, ունի, ամեն ինչ նորմալ է»։