Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների հետևանքով պետությանը պատճառվել է 5,7 մլրդ դրամի վնաս
Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում վերջիններիս իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, աշխատակիցների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի գումարներ վատնելու կամ յուրացնելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով 2018-2019 թթ. ընթացքում հարուցվել և ներկայումս քննվում է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ:
Դատախազության հանրային կապերից հայտնում են, որ վերջիններիս վերաբերում են Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում գործող «Արարատ», «Արտաշատ», «Թալին», «Արագածոտն», «Կոտայք», «Լոռի», «Մարտունի», «Շենիկ», «Երևան», «Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ներին:
Չարաշահումների պատճառով նախաքննության ընթացքում կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 5,7 միլիարդ դրամ: :
«Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով, որով միայն նախնական հաշվարկված՝ պետությանը պատճառված վնասը գերազանցում է 1մլրդ ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել 2016-2017թթ. «Արմավիր» ՋՕԸ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրած անձին:
Քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների մասին մանրամասն՝ դատախազության պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ջրօգտագործման հետևանքով բնությանը պատճառված վնասը կհաշվարկվի
- Բնապահպանության հայտնի նախարարն ապօրինի թույլտվություններ էր տվել ջրօգտագործողներին. Արթուր Դավթյան
- Ջրօգտագործողների կողմից պետությանը մոտ 3 մլրդ դրամի վնաս է պատճառվել