Հինգ հարկանի շենքի անկյունում 6-րդ հարկ են կառուցում, հետո մեղադրում երկրաշարժին. Համլետ Մաթևոսյան
«Մենք ունենք շատ մեծ անելիքներ, որոնք անելու դեպքում երբևիցե կարող ենք չհայտնվել աղետալի իրավիճակներում»,- «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը։
«Կարող ենք լրատվամիջոցներով ասել եղել է աղետ՝ երկրաշարժ, բայց ուզում եմ բոլորիդ տեղյակ պահել, որ երկրաշարժը երկրաբանական երևույթ է, իսկ մենք աղետ ունենում ենք, երբ խոցելի ենք, եթե խոցելի չենք, ապա աղետալի հետևանքներ չեն կարող լինել, հետևաբար այստեղ միայն խոսել այն մասին, թե մեղավորը երևույթն է, վտանգը, որը որ մեր գլխին գալիս է, այդքան էլ այդպես չէ։ Խնդրում եմ Երևանի փողոցներով քայլելիս նայեք չորս հարկանի կամ հինգ հարկանի շենքի մի անկյունում ինչպես է վեցերորդ հարկ կառուցված։ Ուզում եմ հարց տալ, եթե շենքի մի անկյունում ծանրություն ես դրել, այդ շենքի դիմակայությունը ի՞նչ դարձավ, ամողջ շենքն արդեն դառնում է խոցելի։ Շենքը թեքում են մի կողմի վրա, հետո մեղադրում երկրաշարժին»,- ներկայացրեց նա։
Մաթևոսյանի խոսքով, երբ իրենք խոսում են ռիսկերի կառավարման մասին, խոսում են նախապես հասկանալու մասին, թե ինչու են աղետալի հետևանքներ լինում։
Ինչ վերաբերում է հրդեհներին՝ նա ասաց. «Ենթադրենք չոր խոտ է, արդյոք մենք ունենք այն կուլտուրան, որը կհանգեցնին նրան, որ վտանգներ չստեղծենք, ինչպես կարելի է նայել նրան, թե մարդն ինչպես է իր ծխախոտը նետում մեքենայի պատուհանից դուրս։ Պետք է ունենանք անվտանգության կուլտուրա, ինչն ամենևին չի նշանակում, թե պետք է ֆինանսական միջոցներ, չգիտեմ ինչ ծրագրեր իրականացնել, պետք է պարզապես ողջ կրթական համակարգը միանա մեզ՝ սկսած մանկապարտեզներից»։