Աննա Հակոբյան. Հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և քարոզողի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության բարի կամքի դեսպան Աննա Հակոբյանը հոկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում ներկա է գտնվել Ararat challange փառատոնի բացման արարողությանը։ Այն անցկացվում է ‹‹Ավրորա›› նախաձեռնության շրջանակում։
Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը նա հանդես է եկել բացման խոսքով, կարևորել փառատոնի գաղափարն ու անցկացումը՝ շեշտելով, որ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և հումանիզ քարոզողի։ Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Քննարկում ենք համամարդկային կարևորության թեմաներ և բարձրացնում ենք երկիր մոլորակի մարտահրավերները։ Սա մի կողմից հրաշալի է և հպարտություն է ներշնչում է, և մյուս կողմից չափազանց բնական է, որովհետև ուրիշ ո՞վ եթե ոչ հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների պատմության թոհուբոհով և հաղթահարել այնպիսի համամարդկային աղետ, ինչպես ցեղասպանությունն է, իրավունք ունի և պարտավոր է՝ այսօր՝ 21-րդ դարում հումանիտար հարցերի և համաշխարհային կարևորության արժեքների առաջամարտիկն ու դրոշակակիրը լինել»,-մասնավորապես նշել է Աննա Հակոբյանը։
Նա շնորհակալություն հայտնել ‹‹Ավրորա›› մրցանակաբաշխության հեղինակներին, որոնք տարիներ առաջ նախաձեռնել են այս քայլը։
«Հայ ժողովրդին դիրքավորելով աշխարհի քարտեզի վրա բոլորվին նոր կերպարով։ Ի վերջո շատ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և հումանիզ քարոզողի։ Ես հավատում եմ մեր այդ նոր դերին և հավատում եմ, որ նաև այս միջոցառմամբ մենք լավագույնս կկատարենք աշխարհին օգտակար լինելու մեր առաքելությունը»,-նշել է նա։