Հայկ Մարության. Բայց ի վերջո, ո՞վ է իսկական երևանցին
Քաղաքապետ Հայ Մարությանը տոնի առթիվ սիրո խոստովանություն է արել Երևանին։
«Եվ քանի որ քաղաքը՝ առաջին հերթին իր բնակիչներն են, ուզում եմ խոսել հենց երևանցիների մասին:
Մեզանում կա այն կեսկատակ-կեսլուրջ բանավեճը, թե ով է իսկական երեւանցին: Մեկն ասում է, թե երեւանցի է նա, ով ծնվել է քաղաքում, նա, ում ծնողները կամ պապերն են ծնվել այստեղ, կամ նա, ով կիսով չափ, կամ մեկ քառորդով է երեւանցի եւ այլն: Իմ սերնդի մարդիկ ասում են, թե երեւանցի չի կարող համարվել նա, ով պատանի տարիքում Ձորում չի լողացել կամ չի կերել Բոքսի թաղի կրպակի 11 կոպեկանոց պաղպաղակը, կամ՝ Երրորդ մասի «Սեւան» կինոթատրոնում հնդկական կինո չի նայել և այլն: Մի քիչ ավելի երիտասարդ սերնդի համար երևանցի լինելու «վկայականը» քաղաքի վերջին տրամվայից կախված երթևեկելու մասին հիշողությունն է կամ «Կրծած կուկուրուզի» ֆոնին ունեցած լուսանկարը: Նոր սերնդի երևանցիները, թերևս, ավելի պրագմատիկ են. երևանյան «մկրտության ծեսը» նրանց համար քաղաքացիական պայքարին մասնակցությունն է ու սեփական իրավունքներին տեր կանգնելու անհրաժեշտության գիտակցությունը:
Բայց ի վերջո, ո՞վ է իսկական երեւանցին: Իրականում, ամեն ինչ շատ պարզ է՝ երևանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման:
Եվ ես ուզում եմ տոնական այս օրը ողջունել ու շնորհավորել բոլոր երեւանցիներին՝ անկախ նրանից, ծնվել են նրանք այստեղ, թե վերջերս են տեղափոխվել Երեւան: Ուզում եմ հատկապես ողջունել Երեւան եկած մեր սփյուռքահայ եղբայրներին ու խնդրել նրանց՝ հնարավորինս հաճախ ու երկար ուրախացնել մեզ իրենց ներկայությամբ: Ողջունում եմ նաև Երևանում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, արտասահմանյան կազմակերպությունների աշխատակիցներին, անգամ մի քանի օրով որպես զբոսաշրջիկ եկած մեր հյուրերին:
Որովհետև ես վստահ եմ՝ ով մի քանի օր ապրել է Երևանում, նույնիսկ մի քանի ժամով վայելել է Երևանի արևը, ընդմիշտ պահելու է Երևանն իր սրտում, հետևաբար՝ դառնալու է մեր ընկերն ու բարեկամը:
Շնորհավո՜ր, երևանցիներ, շնորհավո՛ր մեր հավերժական քաղաքի տոնը»,-գրել է Մարությանն իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Այս տարվա կարգախոսն է՝ «Սրտումս Երևան»։
«Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան։ Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր: Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում: Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում, ազգագրական՝ Նորք-Մարաշում, ռոք՝ Նուբարաշենում, հեղինակ-կատարողները հանդես կգան Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում: