Նոր Գեղիում կանցկացվի խնձորի փառատոն
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը: Միջոցառումը կմեկնարկի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և խնձորենու օրհնության կարգով, Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես և ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և, առաջին անգամ Հայաստանում, 4 մետր երկարությամբ խնձորի կարկանդակի պատրաստում և հյուրասիրություն։
Կազմակերպիչների հաղորդմամբ, փառատոնի շրջանակներում միջոցառումներ են լինելու համայնքի տարբեր հատվածներում՝ հայկական երգ-երաժշտություն, բեմականացված խաղիկներ, լարախաղաց: Փառատոնը նպատակ ունի ներկայացնելու Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Խնձորի արձանի բացումն էլ առաջին քայլը կլինի համայնքը՝ որպես խնձորի հայրենիք բրենդավորելու հարցում:
Նոր Գեղին խնձորի լայնարձակ այգիներով (մոտ 700 հեկտար) հայտնի համայնք է, որտեղ հատուկ մեթոդով աճեցվում են նաև անվանական խնձորներ, որոնք կտեսնեք կից լուսանկարներում: Հանրային լայն մասնակցությունը վստահաբար կնպաստի համայնքը՝ իր առանձնացող տեսակով որպես տուրիզմի կենտրոն ձևավորելու հարցում:
Նախատեսվում է միջոցառումը դարձնել ամենամյա՝ հաջորդ տարիներին այն կազմակերպելով հենց խնձորի այգիներում, ներգրավելով ավելի մեծ թվով ներգնա զբոսաշրջիկներ, տուր-ընկերություններ և այլ գործընկերներ:
Միջոցառումների մեկնարկը կլինի ժամը 15:00-ին Նոր Գեղիի հրապարակում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ