Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie»-ի խմբագրության վրա հարձակումը
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» (Նուվել դ՛Արմենի) գրասենյակի վրա հարձակումը՝ համարելով խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակմանն այսկերպ արձագանքեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Խմբագրությունը նշել է, որ փաստորեն դա արդյունք է գլխավոր խմբագրի՝ Արա Թորանյանի Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցությամբ։ Հակված եմ վստահելու իմ գործընկերոջը։ Մանրամասներ չեմ կարող հայտնել, դեռ չեմ խոսել նրա հետ։ Ամեն դեպքում կարծում եմ՝ իրավապահ մարմինները հետաքննություն կանցկացնեն, որովհետև ահազանգը հնչեցվել է։ Կարծում եմ, որ իրավապահ մարմինները ոչ միայն կհայտնաբերեն, այլև լայն հասարակության համար պարզ կդառնա՝ հարձակումն ինչի հետևանք է եղել»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիայում գտնվող գործընկերները շուտափույթ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքային առօրյային։
Հարցին՝ արդյոք կարող է սա արտասահմանում գտնվող հայկական մյուս խմբագրությունների վրա ոտնձգություն իրականացնելու վատ նախադեպ լինել, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը չբացառեց. «Այն լրատվամիջոցները, որոնք ունեն նման աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող խնդիրների նկատմամբ իրենց հստակ դիրքորոշումը, չի բացառվում, որ նման հարձակումների ենթարկվեն։ Այդ իսկ պատճառով նման դեպքերում միայն դատապարտելը բավարար չէ, քիչ է նույնիսկ։ Պետք է բացահայտվեն դեպքը կատարողները և պատժվեն, գողացված գույքն էլ վերադարձվի»,-նշեց Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում նման դեպքերը կարող են անընդհատ կրկնվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին հարձակում է տեղի ունեցել Ֆրանսիայում գտնվող «Nouvelles d’Armenie» թերթի խմբագրության վրա։ Հարձակվողները կոտրել են խմբագրության դուռը և գողացել 3 համակարգիչ և տեսախցիկ։