52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները․ Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Բանցհաֆի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում կնպաստի հայ-գերմանական հաջողված փոխգործակցության ընդլայնմանը և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են էներգետիկայի ոլորտին, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ու աղբավայրերի կառուցմանը, ջրային ոլորտի բարեփոխումներին և ջրամբարաշինությանն առնչվող ծրագրերին։ Այդ համատեքստում նախարար Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է Գերմանական զարգացման բանկի (KFW) ֆինանսավորմամբ իրականացվող համատեղ վարկային ծրագրերը և ընդգծել դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Լավ տեղական ինքնակառավարում հարավային Կովկասում ծրագրի» շրջանակներում ԳԴՀ կառավարության և ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը և նշել․ «ԳՄՀԸ աջակցությամբ հանրապետության 52 խոշորացված համայնքները մեծացրել են իրենց համայնքային կարողությունները, ինչի շնորհիվ մենք ունենք արդեն արձանագրված արդյունքային հաջողություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, խորհրդատվական և վարչական ծառայությունների մատուցման, քաղաքացիների սպասարկման և ծառայությունների հասանելիությունն ապահովելու հարցում»։
Դեսպան Միխայել Բանցհաֆը, նկատելով հանդիպման կարևորությունը, վստահեցրել է, որ ԳԴՀ կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով, և վերահաստատել պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով խթանելու հայ-գերմանական համագործակցության ամրապնդմանը մատնանշված ոլորտներում: